
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, իր գործունեության շրջանակներում հոկտեմբերի 15-ին և 16-ին Ծաղկաձորում կազմակերպել էր «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։
Դասընթացին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների, ՀՀ առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս ստորաբաժանումների, հոգեբուժական կազմակերպությունների, ՀՀ ներքին գործերի նախարարության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության բաժինների ձերբակալվածներին պահելու վայրերի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատությունների, ՀՀ դատախազության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատն ու գործառույթները, խոշտանգման իրավական սահմանումը և հասկացությունը ներպետական իրավական համակարգում ու միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը և ԽԿԿ չափանիշները, նպաստել ոլորտային աշխատողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և փոխգործակցության խթանմանը՝ ի նպաստ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգի ձևավորման։
Լ. Գասպարյանը բացման խոսքում կարևորել է այս ձևաչափով շարունակական վերապատրաստումների իրականացումը և վերահաստատել, որ ոլորտում առկա խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով կամ ուղղակի բարձրաձայնելով, այլ անհրաժեշտ է համատեղ, համակարգված ջանքերով դրանք ճանաչելի դարձնել և համագործակցային հարթակում լուծումներ գտնել։
Դասընթացը վարել են Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» 1984 թվականի կոնվենցիայի՝ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված կամընտիր արձանագրության հիման վրա ստեղծված Հատուկ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։

Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20–21-ը Սիդնեյում անցկացվող՝ Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։