
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից են։
Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։ Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության ապահովման անհրաժեշտության առումով։
Այս համատեքստում ընդգծում եմ, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։
Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ: Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։
Կրկին ընդգծում եմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։
Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում հանդուրժելի չի լինի։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: