
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 29-ին, որպես բանախոս, մասնակցել և ելույթով հանդես է եկել «Հպարտության ամիս 2026. տեսանելիություն, իրավունքներ և առաջընթաց» թեմայով միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկմանը։ Այն կազմակերպվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
«Մարդու իրավունքներ, հավասարություն և սոցիալական ներառում. Հայաստանի առաջընթացն ու միջազգային համագործակցության դերը» թեմայով պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում։ Պաշտպանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար իրավունքների իրացման և արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխիքներ՝ անկախ որևէ հանգամանքից։
Անահիտ Մանասյանը կարևորել է հակախտրականության ոլորտի առնչությամբ առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե´ հաստատության գործունեության, թե´ տարեկան հաղորդումների շրջանակում լրիվ նոր և համապարփակ մոտեցում է որդեգրել նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի առնչությամբ:
Ոլորտում առկա համակարգային խնդիրների համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում ձևավորված կարծրատիպերը նպաստում են խտրականության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների տարածմանը, այդ թվում՝ երբեմն նաև պետական մարմինների գործունեության շրջանակում։ Այդ կարծրատիպերի հաղթահարման համար, Պաշտպանն անհրաժեշտ է համարել մարդու իրավունքների կրթության բովանդակային բարեփոխումները, ինչպես նաև դատավորների, դատախազների, քննիչների, առողջապահության, կրթության և այլ ոլորտների մասնագետների շարունակական վերապատրաստումները՝ ոլորտի առանձնահատկությունների և զգայուն մոտեցումների վերաբերյալ։
Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներով պայմանավորված գործերին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նման դեպքերի արդյունավետ քննության հասնելու առումով դեռ շատ անելիքներ կան, և դրա համար անհրաժեշտ է բարձրացնել իրավասու մարմինների մասնագիտական կարողությունները, որպեսզի քննության ընթացքում պատշաճ գնահատվեն նաև հնարավոր խտրական շարժառիթները, այդ թվում՝ անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված։
Պաշտպանը վերահաստատել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում համապարփակ օրենսդրության, այդ թվում՝ իրավահավասարության մասին օրենքի ընդունման և համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի ամրապնդման կարևոր նախապայման։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շարունակական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից, ինչպես նաև հանրային հետևողական հակազդեցությունը խտրականության, ատելության խոսքի և անհանդուրժողականության բոլոր դրսևորումների նկատմամբ։
Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է պետական մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքների, հավասարության և ներառական հասարակության կառուցման հարցերի շուրջ համագործակցությունն ու երկխոսությունը խթանելու նպատակով։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և ՀՀ-ում Կանադայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ահարոն Քոեն։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: