
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հունիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ինչպես Կացարանի շենքային, այնպես էլ ապաստան հայցող անձանց կենցաղային պայմաններին և նրանց իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին՝ կարևորելով վերջիններիս արժանապատիվ կեցության ապահովումը։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույցներ են ունեցել ապաստան հայցող անձանց հետ։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են սննդի ապահովման, գերբնակեցվածության, ջրամատակարարման, գազամատակարարման, խոնավության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներ։ Արձանագրվել է նաև, որ Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Ուսումնասիրվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը։ Մասնավորապես, արձանագրվել են անհրաժեշտ կենսապայմանների, առողջության պահպանման և զարգացմանն ուղղված ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Կացարանում բնակվող երեխաներից մեկն ունեցել է կրթական գործընթացում ընդգրկվելու խնդիրներ։
Դեռևս 2023 թվականից կառուցման փուլում գտնվող՝ Աբովյան քաղաքում տեղակայված նոր շենքը մինչ օրս չի հանձնվել շահագործման։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Հատուկ կացարանի» շենքային պայմանների անբարենպաստ լինելու խնդրին։ Պաշտպան Անահիտ Մանասյանն այս հարցը հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 և 2025 թվականների տարեկան հաղորդումներում՝ կարևորելով նոր շենքի հնարավորինս սեղմ ժամկետում շահագործման հանձնելու անհրաժեշտությունը։
Արձանագրված խնդիրները՝ համապատասխան լուծումներ գտնելու պահանջով, կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև «Հատուկ կացարանում» նրանց բնակության պայմանների բարելավման համակարգային հարցերը։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: