
Հունիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռոբկեին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և ԱՄԿ Աշխատողների գործունեության ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան։
Պաշտպանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։
Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին` անդրադառնալով առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի, աշխատավայրում գենդերային հավասարության, խտրականության բացառման ոլորտներում առկա խնդիրներին։
Հատուկ անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին և ոլորտում անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման կարևորությանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և արժանապատիվ աշխատանքային միջավայրի զարգացման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: