
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ավարտվել է «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունք» թեմայով դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն էր զարգացնել աշխատակազմի մասնագիտական կարողությունները և խորացնել գիտելիքները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների փոխկապակցվածության, ինչպես նաև այդ իրավունքի պաշտպանության միջազգային և ազգային չափանիշների վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Ապրիլի 10-ին մեկնարկած դասընթացներն անցկացրել են ոլորտի փորձագետները՝ համադրելով տեսական և գործնական բաղադրիչները (https://ombuds.am/news/591)։
Ամփոփիչ միջոցառմանը մասնակցության վկայականներ են հանձնվել ծրագրի մասնակիցներին։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Մելինե Ավագյանը։
Ժաննա Հակոբյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացումը՝ որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։ Նրա խոսքով՝ վերապատրաստումների այս շարքը նպաստում է աշխատակազմի մասնագիտական ներուժի ամրապնդմանը, ոլորտային գիտելիքների խորացմանը և դրանց գործնական կիրառմանը մարդու իրավունքների պաշտպանության առօրյա գործունեության ընթացքում։
Դասընթացների շրջանակում մասնակիցները քննարկել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության արդիական հիմնահարցերը, ներգրավվել գործնական աշխատանքներում, վերլուծել տարբեր իրավիճակներ և փոխանակել մասնագիտական փորձ։ Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն ինչպես մասնակիցների հետագա մասնագիտական գործունեությանը, այնպես էլ աշխատակազմի ներսում գիտելիքների և լավագույն փորձի տարածմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակաբար ներդրում է կատարում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման գործում՝ կարևորելով շարունակական կրթությունը որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման կարևոր գործոն։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: