Մեկնարկել է 2018 թվականին։
Իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունները և համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմների վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման պարբերական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանության, ընտրությունների հետ կապված բողոքների և ԶԼՄ հրապարակումներին արձագանքելու ընթացակարգերի, ինչպես նաև խտրականության բացառման և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության թեմաներով։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում-քննարկումներ մարզերում ներկայացված հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։